Need any help? Contact Us

ԾՐԱԳՐԵՐ


Կայքի առաքելությունը նաև մշակութային և գիտական ծրագրերի ներկայացումն է։

Ստորև առաջարկվող ծրագրերը կարող են կյանքի կոչվել հովանավորների առկայության դեպքում, աշխատանքները կիրականացվեն համապատասխան մասնագետների ներգրավմամբ և ստորև նշված հաստատությունների համագործակցությամբ.

ՀՀ մշակույթի նախարարություն

Պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության գործակալություն

Մեսրոպ Մաշտոցի անվ. Մատենադարան

Հայաստանի ազգային պատկերասրահ

ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտ

Հայաստանի որմնանկարների վերականգնման գիտահետա­զոտական կենտրոն

և այլն (ըստ անհրաժեշտության)։

Ստորև թվարկվում են ծրագրերը՝ համառոտ ներկայացմամբ, հովանավորների հանդես գալու դեպքում կներկայացվեն բոլոր անհրաժեշտ մանրամասները։

1. «Հայկական որմնանկարչություն» տարեգիրք (Ա)

2. Հայկական որմնանկարչության հուշարձանների համահավաք շտեմարան

3. Հայկական սրբանկարչության համահավաք շտեմարան

4. Արևմտյան Հայաստանի և Կիլիկիայի գրչության կենտրոնները 10-19-րդ դդ.

5. Հնագիտական գիտարշավ Գլաձորի համալսարանի տեղի հայտնաբերման նպատակով

6. Հնագիտական գիտարշավ Հավուց թառի 11-րդ դ. Կաթողիկե եկեղեցու հայտնաբերման նպատակով

7. Հայաստանի (ներառյալ Արցախի) առանձին հուշարձանների, վանքերի ու եկեղեցիների մասին կարճամետրաժ (7-15 րոպե տևողությամբ) ֆիլմերի պատրաստում։





1. «Հայկական որմնանկարչություն» տարեգիրք (Ա)

Որմնանկարչությունը հայ արվեստի հնագույն և ինքնատիպ բնագավառներից է, որը, սակայն, քիչ է ուսումնասիրված։ Հայկական որմնանկարչության վերաբերյալ հայտնի են փոքրաթիվ գրքեր և հոդվածներ, որոնք հիմնականում վերաբերում են առանձին հուշարձանների։ Արվեստի այս բնագավառն ավելի մեծ ուշադրության արժանացնելու նպատակով առաջարկվում է «Հայկական որմնանկարչություն» տարեգրքի հրատարակությունը (մեկ կամ երկու տարվա պարբերականությամբ), որտեղ կհրապարակվեն արվեստագիտական հոդվածներ, նկարագրական և վերլուծական նյութեր, որմնանկարների նորոգման աշխատանքներին վերաբերող տեղեկություններ և այլն։

Ծրագրի համագործակից կազմակերպություններ՝

Հայաստանի ազգային պատկերասրահ

Մեսրոպ Մաշտոցի անվ. Մատենադարան

Հայաստանի որմնանկարների վերականգնման գիտահետա­զոտական կենտրոն

Համակարգող՝ Կարեն Մաթևոսյան (պատմ. գիտ. դոկտոր)։


Սկիզբ


2. Հայկական որմնանկարչության հուշարձանների համահավաք շտեմարան (Հայաստանում և արտերկրում)

Հայկական որմնանկարչության թերի ուսումնասիրվածության պատճառով այսօր հստակ պատկերացում չկա այն մասին, թե որմնանկարչական քանի՞ հուշարձան է հայտնի, ո՞ր շինություններում ու եկեղեցիներում են դրանք պահպանվել, ո՞ր ժամանակի են և այլն։ Եթե ՀՀ տարածքում գտնվող որմնանկարչական հուշարձանների վերաբերյալ համառոտ նշում կա «Պատմության և մշակույթի անշարժ

հուշարձանների պետական ցուցակում» ընդգրկված բուն կառույցներին վերաբերող ճարտարապետական տեղեկանքներում, ապա Հայաստանի սահմաններից դուրս գտնվող որմնանկարների մասին տեղեկությունները ի մի չեն բերված։ Ըստ այդմ անհրաժեշտ է   աշխատանք սկսել հայկական որմնանկարների համահավաք ցանկի և տեղեկությունների բազայի ստեղծման ուղղությամբ։ Անհրաժեշտ է ստեղծել մասնագիտական խումբ, որը կկազմի միջազգային գիտական պրակտիկային համապատասխան  հարցաթերթիկ  (հուշարձանի նկարագրություն, կիրառված տեխնիկա, որմնանկարի մասին պատմական և այլ տեղեկություններ, մատենագիտություն, հին և նոր լուսանկարներ, նորոգման աշխատանքների մասին տեղեկություններ և այլն), որի լրացմամբ յուրաքանչյուր որմնանկար կունենա իր գիտական անձնագիրը։

Ծրագրի համագործակից կազմակերպություններ՝

Պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության գործակալություն

Հայաստանի ազգային պատկերասրահ

Հայաստանի որմնանկարների վերականգնման գիտահետա­զոտական կենտրոն

Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող կազմակերպություն (RAA)

Համակարգող՝ Հասմիկ Գինոյան


Սկիզբ


3. Հայկական սրբանկարչության համահավաք շտեմարան

(Հայաստանում և արտերկրում)

Հայ կերպարվեստի պատմության մեջ յուրօրինակ շրջան է 17-19-րդ դարերի եկեղեցական նկարչությունը, երբ առաջին անգամ հայ իրականության մեջ կիրառվում է հաստոցային (կտավի վրա՝ յուղաներկով արված) նկարչությունը։ Այդ շրջանում եկեղեցիներին նվիրաբերելու համար ստեղծվում են հարյուրավոր սրբապատկերներ, որոնց մի մասը ունեն նաև հիշատակային բնույթի գրություններ նկարների ստորին մասում (այստեղ սովորաբար նշվում է նվիրատուի անունը, եկեղեցու անունը և թվականը, երբեմն նաև այլ տվյալներ)։ Այս պատկերների Հայաստանում՝ Մայր Աթոռ Ս. Էջմիածնում և Հայաստանի ազգային պատկերասրահում պահվող նմուշները հիմնականում ուսումնասիրված են (թեև առանձին կատալոգ չունեն), բայց արտերկրում գտնվողները հիմնականում ուսումնասիրողներին անհայտ են (շատ քչերի մասին տվյալներ կան)։ Ըստ այդմ, առաջարկվում է ստեղծել Հայկական սրբանկարչության համահավաք շտեմարան, դրանում ներառելով հիշյալ բոլոր հայտնի պատկերները։ Ծրագիրը կարող է իրականացվել առանձին բաժիններով (փոքր ծրագրերով)՝ «Հայկական սրբապատկերները Երուսաղեմում», «Հայկական սրբապատկերները Վենետիկում», «Հայկական սրբապատկերները Վիեննայում», «Հայկական սրբապատկերները Կ. Պոլսի պատրիարքարանում և եկեղեցիներում», «Հայկական սրբապատկերները Իրանում», «Հայկական սրբապատկերները Լիբանանում և Սիրիայում», «Հայկական սրբապատկերները Ռումինիայում», «Հայկական սրբապատկերները Վրաստանում (եկեղեցիներ և թանգարաններ)» (կլինեն լրացումներ)։ Հնարավոր է, որ տեղում լինեն կարող ուժեր, որոնք նպաստեն տեղեկությունների հավաքմանը (չափագրեն և լուսանկարեն պատկերները)։ Վերջնական արդյունքում բոլոր տվյալների համատեղմամբ կկազմվի համահավաք կատալոգ՝ մշակութային (արվեստի ուսումնասիրության տեսանկյունից) և պատմական (հիշատակային գրությունների հրապարակման տեսանկյունից) կարևոր արժեքով։

Ծրագրի համագործակից հաստատություններ՝

Մայր Աթոռ Ս. Էջմիածին

Հայաստանի ազգային պատկերասրահ

Համապատասխան եկեղեցական թեմեր և վանական միաբանություններ


          Սկիզբ


4. Արևմտյան Հայաստանի և Կիլիկիայի գրչության կենտրոնները 10-19-րդ դդ.

(քարտեզ և տեղեկությունների շտեմարան)

2011-12 թթ. ՀՀ գիտության պետ. կոմիտեի դրամաշնորհով Մատենադարանում իրականացվել է « Արևմտյան Հայաստանի և Կիլիկիայի գրչության կենտրոնները 10-15-րդ դդ.» ծրագիրը, որի արդյունքում հրատարակվել է համապատասխան քարտեզ (հայերեն, անգլերեն) և կազմվել յուրաքանչյուր կենտրոնի ձեռագրերի մասին տեղեկությունների բազա (քարտեզը կարելի է տեսնել այս կայքի «Քարտեզներ» բաժնում)։ Ծրագիրն անհրաժեշտ է շարունակել և լրացնել 15-րդ դարից հետո (մինչև 19-րդ դար) առկա ձեռագրական տվյալներով, որից հետո քարտեզը և շտեմարանը կամբողջանան։

Ծրագրի համագործակից կազմակերպություն՝

Մեսրոպ Մաշտոցի անվ. Մատենադարան

Համակարգող՝  Լուսինե Թումանյան (պատմական գիտությունների թեկնածու)


Սկիզբ


5. Հնագիտական գիտարշավ Գլաձորի համալսարանի տեղի հայտնաբերման նպատակով

Գլաձորի համալսարանի գտնվելու ստույգ վայրը հայ մշակույթի պատմության չբացված էջերից մեկն է։ Նախկինում այս խնդրին անդրադարձել են մի շարք մասնագետներ, Գլաձորի տեղորոշման վերաբերյալ առաջ քաշելով տարբեր տեսա­կետներ ու վարկածներ, որոնցից ոչ մեկը չի հաստատվել։ Վերջերս Տիգրան Մկրտչյանն իր «Գլաձորի համալսարանի տեղորոշման նոր վարկած» գրքում աղբյուրագիտական նյութերի և տեղում կատարված դիտար­կումների հիման վրա ներկայացնում է մի նոր վարկած, ըստ որի Աղբերց վանքը կամ Գլաձորը, գտնվել է Հերմոնի վանքին շատ մոտ, նրա հյուսիսարևմտյան կողմի բարձունքում։ Սակայն համալսարանի ուսումնական նպատակներին է ծառայել նաև բուն Հերմոնի վանքը։ Տեսակետի հիմնավորումներին կարելի է ծանոթանալ ընթերցելով  գիրքը, որի թվայնացված տարբերակը տեղադրված է այս կայքի «Գրքեր» բաժնում։ Վարկածը կարող է հաստատվել կամ հերքվել տեղի հնագիտական ուսումնասիրության արդյունքում, որի համար անհրաժեշտ է կազմակերպել գիտարշավ։

Ծրագրի համագործակից կազմակերպություններ՝

ՀՀ մշակույթի նախարարություն

ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտ

Պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության գործակալություն

Համակարգող՝   Տիգրան Մկրտչյան


Սկիզբ


6. Հնագիտական գիտարշավ Հավուց թառի 11-րդ դ. Կաթողիկե եկեղեցու հայտնաբերման նպատակով

Հավուց թառի վանքը (գտնվում է Գառնիի և Գեղարդի միջև Ազատ գատի ձախ ափին) Հայաստանի հնագույն և նշանավոր վանքերից է, որը ծաղկել է 11-14-րդ դարերում։ Հիմնական շինությունները կիսավեր են։ Վանքի պատմության և վիմագրերի ուսումնասիրության ընթացքում հնագետ-վիմագրագետ Գագիկ Սարգսյանը դեռ երկու տասնամյակ առաջ ավերակներում նշել է մի պատ, որը պատկանել է վանքի հնագույն եկեղեցուն։ Վերջին տարիներին Մատենադարանում հայտնաբերվեց մի բնագիր, որտեղ նշվում է, որ այդ եկեղեցին կառուցել է Քեղի ամրոցի տեր Գևորգ իշխանը 1002 թվականին, այն կոչվել է Կաթողիկե և ինը խորան է ունեցել։ Համադրական քննությունը հնարավորություն է տվել պարզելու կառույցի ստույգ տեղը, որն այժմ ծածկված է փլատակներով (այդ մասին տե՛ս Կ. Մաթևոսյան, Հավուց թառի վանքը, Երևան, 2012, էջ 48-49, թվայնացված տարբերակը տեղադրված է այս կայքի «Գրքեր» բաժնում)։ Տեղում մաքրման աշխատանքները հնարավորություն կտան գտնելու 11-րդ դարի սկզբին կառուցված այդ ուշագրավ եկեղեցին։

Ծրագրի համագործակից կազմակերպություններ՝

ՀՀ մշակույթի նախարարություն

Պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության գործակալություն

ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտ

Պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության գործակալություն

Համակարգող՝   Արսեն Հարությունյան (պատմական գիտությունների թեկնածու)


Սկիզբ

7. Հայաստանի (ներառյալ Արցախի) առանձին հուշարձանների, վանքերի ու եկեղեցիների մասին կարճամետրաժ (7-15 րոպե տևողությամբ) ֆիլմերի պատրաստում։

Չնայած այն բանին, որ Հայաստանի ու Արցախի առանձին՝ հիմնականում ամենահայտնի հուշարձանների, վանքերի ու եկեղեցիների մասին նկարահանվել են տարբեր ֆիլմեր և հեռուստահաղորդումներ, սակայն դրանց մեծ մասի վերաբերյալ առայժմ այդպիսի նկարահանումներ չկան։ Քանի որ տեսաֆիլմերն այժմ հնարավոր է տարածել ոչ միայն հեռուստաալիքներով, այլև հասանելի դարձնել ամբողջ աշխարհում համացանցի միջոցով, կարծում ենք, որ պետք է օգտվել հայ մշակույթի քարոզչության այս պատեհ հնարավորությունից և հարստացնել հայկական պատմամշակութային տեսադարանը։ Ֆիլմերը կնկարահանվեն պրոֆեսիոնալ մակարդակով։

Ծրագրի համագործակից կազմակերպություն՝

«Շողակաթ» հեռուստաընկերություն

Համակարգող՝  Կարեն Մաթևոսյան (պատմ. գիտ. դոկտոր)։


Սկիզբ

Սկիզբ «Հայ արվեստ» Գրադարան Պատկերասրահ Որմնանկարչություն Գրավոր մշակույթ Մենք Ծրագրեր Հղումներ

© 2016 - ArmenianArt.org - հեղինակային իրավունքները պաշտպանված են։

Սկիզբ

«Հայ արվեստ» հանդես

Գրադարան

Պատկերասրահ

Որմնանկարչություն

Գրավոր մշակույթ

Մենք

Հղումներ

Սույն կայքում տեղադրված նյութերը այդ թվում` բոլոր նկարները, պատկերները, տեքստային նյութերը, կարող են օգտագործվել անձնական, կրթական, ինչպես նաև տեղեկատվական նպատակներով, ArmenianArt.org կայքի անվան պարտադիր հղումով։