Need any help? Contact Us

ՀԱՅԿԱԿԱՆ ՈՐՄՆԱՆԿԱՐՉՈՒԹՅԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ, ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ

ԵՎ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԽՆԴԻՐԸ


Հայկական որմնակարչության ուսումնասիրության առումով այժմ առկա է հետևյալ պատկերը. զուտ հետազոտական տեսանկյունից հրապարակի վրա են առանձին ուսումնասիրողների գրած մի շարք գրքեր և հոդվածներ, որոնք հիմնականում վերաբերում են առանձին որմնանկարների։ Գործնական առումով 1940-50-ական թվականներից մինչև 80-ականների սկիզբը Հայաստանում իրականացվել են որմնանկարների ընդօրինակման աշխատանքներ։ Դրանց սկզբնավորումը կատարվել է Հայաստանի պետական պատկերասրահի նախաձեռնությամբ Լիդիա Դուրնովոյի կազմած խմբի միջոցով, որն ընդօրինակման աշխատանք է կատարել Լմբատավանքում, Արուճում (7-րդ դար), Տաթևում, Հաղբատում (10-րդ դ.), Քոբայրում (13-րդ դար) և այլուր։ Նկարիչների մեկ այլ խումբ ընդօրինակել է Ախթալայի որմնանկարի բավական մեծ հատվածներ։ Այս և մի շարք այլ որմնանկարների ընդօրինակություններն այժմ ցուցադրվում են Հայաստանի ազգային պատկերասրահում։

Հայկական որմնանկարչության ամբողջական ուսումնասիրության և առկա հուշարձանների պահպանության ու նորոգման գործն այսօր չափազանց կարևոր խնդիր է հայ մշակույթի համար։ Այս հարցում հապաղումը կարող է անվերադարձ կորուստների հանգեցնել։

Անհրաժեշտ է, որ համակարգված աշխատանք ծավալվի երկու ուղղությամբ՝ գիտական ուսումնասիրություն և պահպանություն, որը ներառում է որմնանկարների ամրացման և վերականգնման աշխատանքը (ռեստավրացիա)։

Գիտական ուսումնասիրությունը պետք է սկսվի որմնանկարների համահավաք ցանկի և տեղեկությունների բազայի ստեղծումով, ամեն մի հուշարձանի նկարագրությամբ, կիրառված տեխնիկայի արձանագրմամբ, որմնանկարի մասին պատմական և այլ (հին ուղեգրակական կամ նկարագրական) վկայությունների հավաքմամբ, պատկարագրության և ոճի հակիրճ վերլուծությամբ, մատենագիտութամբ, հին և նոր լուսանկարներով, նախկինում կատարված նորոգման աշխատանքների մասին տեղեկություններով ու զեկույցներով, որի արդյունքում ամեն որմնանկար կունենա իր տեղեկությունների թղթապանակը՝ գիտական անձնագիրը։ Այս նյութի հիման վրա հնարավոր կլինի նաև կազմել հայկական որմնանկարչական հուշարձանների քարտեզ։   

Որմնանկարների պահպանության և վերականգնման աշխատանքները ենթադրում են առկա հուշարձանների մասնագիտական ուսումնասիրությունը նկարիչ-վերականգնողների (ռեստավրատորների) կողմից և ամրացման ու վերականգնման նախագծերի ստեղծումը, որտեղ պիտի արձանագրվի յուրաքանչյուր հուշարձանի վերականգնման նյութական գնահատումը և պահանջվող ժամանակահատվածը։ Ընթացքում պետք է կատարվի որմնանկարների պահպանության ու վերականգնման դասակարգումն ըստ առաջնահերթության: Նյութական միջոցների առկայության դեպքում այդ նախագծերի հիման վրա կարող են իրականացվել որմնանկարների վերականգնման աշխատանքները։


Սկիզբ «Հայ արվեստ» Գրադարան Պատկերասրահ Որմնանկարչություն Գրավոր մշակույթ Մենք Ծրագրեր Հղումներ

© 2016 - ArmenianArt.org - հեղինակային իրավունքները պաշտպանված են։

Սկիզբ

«Հայ արվեստ» հանդես

Գրադարան

Պատկերասրահ

Որմնանկարչություն

Գրավոր մշակույթ

Մենք

Հղումներ

Սույն կայքում տեղադրված նյութերը այդ թվում` բոլոր նկարները, պատկերները, տեքստային նյութերը, կարող են օգտագործվել անձնական, կրթական, ինչպես նաև տեղեկատվական նպատակներով, ArmenianArt.org կայքի անվան պարտադիր հղումով։