Need any help? Contact Us

ՀԱՅԿԱԿԱՆ ՎԻՄԱԳՐՈՒԹՅՈՒՆ


Միջնադարյան Հայաստանի պատմության համար անփոխարինելի սկզբնաղբյուրներ են մեզ հասած վիմական արձանագրությունները: Դրանց կարևորության գիտակցմամբ՝ հայ մատենագիրներից Ստեփանոս Օրբելյանը (13-րդ. դ.), ապա Զաքարիա Քանաքեռցին (17-րդ. դ.) իրենց պատմագրական երկերում օգ­տա­գործել են նաև վի­մագրեր, իսկ Աղվանից կաթողիկոս Եսայի Հասան-Ջալալյանը հավա­քել ու մի տետ­րում ամբողջացրել է հատկապես Խաչենի (Արցախ) տարածաշրջանի վիմագրե­րը (1718 թ.):

Վիմագրերի հավաքագրումը մեծ թափ ստացավ 19-րդ դարի սկզբին՝ կաթողիկոս Ներ­սես Աշտարակեցու քաջալերմամբ։ Այնուհետև հրատարակվեցին ճամփորդական-տեղագրական բնույթի ուսումնա­սիրու­թյուն­­ներ, որոնցում առաջնային նշանակություն էր տրվում նաև վիմագրերին: Այս ոլորտում անփոխարինելի են Հովհաննես եպս. Շահխաթունյանցի, Ներսես վրդ. Սարգիսյանի, Սարգիս վրդ. Ջալալյանցի, Մակար եպս. Բարխուդարյանցի, Աբել արք. Մխիթարյանցի, Հայր Ղևոնդ Ալիշանի և այլոց մեծարժեք աշխատությունները: Սրանցից շատերը մինչ օրս չեն կորցրել իրենց գի­տա­կան արժեքը: Հայ վիմագրագիտության ժամանակակից մեթոդների մշակումը վերապահված էր Նիկողայոս Մառին և նրա աշակերտ Հովսեփ Օրբելուն: Վերջինս, մասնակցելով Անիի հնագիտական պեղումներին, հավաքեց քաղաքի ար­ձա­նա­գրությունները, որանք հետագայում ամփոփվեցին «Դիվան հայ վիմա­գրության» մատենաշարի I պրակում, որի խմբագիրն էր Սեդրակ Բարխուդարյանը: Հենց նրան էր վիճակված շարու­նակելու և զարգացնելու իր ուսուցիչների սկսած կարևոր գործը, որն էլ հանգեցրեց «Դիվան հայ վիմագրության» մատենաշարի II-V պրակների հրատա­րակությանը (IV, V պրակները հրատարակվեցին ետմահու, մի քանիսն էլ դեռևս անտիպ են): 1959 թ. ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտում հիմնվեց հայ վիմագրության բաժինը՝ ղեկավարությամբ Ս. Բարխուդարյանի: Բաժինն այսօր էլ գործում է (վիմագրագետ Գ. Սարգսյանի ղեկավարությամբ) և շարունակում ուսումնա­սի­րել ու թղթին հանձնել մեր հարուստ մշակույթի քարեղեն վկայագրերը: Լույս են տեսել ընդհանուր հաշվով IX պրակ, բազմաթիվ մենագրություններ ու հոդվածներ:

Հայկական վիմական արձանագրություններն ըստ բովանդակության խմբավորվում են այսպես.

ա. Շինարարական վկայագրեր

բ. Նվիրատվական արձանագրություններ կամ նվիրագրեր

գ. Իրավական արձանագրություններ կամ արտոնագրեր

դ. Հիշատակագրություններ /այդ թվում՝ խաչքարային/

ե. Տապանագրեր

զ. Խառն արձանագրություններ

Եկեղեցիների որմերին կամ մուտքերի ու լուսամուտների վերնամասերում, բնակա­նաբար, առավել հաճախադեպ են շինարարական ու նվիրատվական բնույթի վկայագրե­րը, որոնք հիմնականում աչքի են ընկնում համաչափ ու վարժ փորագրությամբ: Հիշատակագրությունները հիմնականում տեղ են գտել խաչքարերի կամ ընդհանրա­պես գերեզմանական կոթողների վրա, որոնք, սովորաբար, կարճ են լինում:

Վիմագրերում կարելի է հանդիպել կրճատ կամ գաղտնագիր գրատեսակների՝ արտա­հայտ­ված համառոտագրությունների, կցագրերի, փակագրերի կամ ծածկագրերի տես­քով: Փորագրման եղանակները ևս տարբեր են. առավել տարածված են փորագիր, երբեմն՝ ելնդագիր, այսինքն՝ ուռուցիկ, սակավ նաև զարդագիր գրատեսակները. վերջինիս դեպքում վիմագրերը հուշարձանների քանդակային հորինվածքի լիարժեք մասն են կազմում:



Սկիզբ «Հայ արվեստ» Գրադարան Պատկերասրահ Որմնանկարչություն Գրավոր մշակույթ Մենք Ծրագրեր Հղումներ

© 2016 - ArmenianArt.org - հեղինակային իրավունքները պաշտպանված են։

Սկիզբ

«Հայ արվեստ» հանդես

Գրադարան

Պատկերասրահ

Որմնանկարչություն

Գրավոր մշակույթ

Մենք

Հղումներ

Սույն կայքում տեղադրված նյութերը այդ թվում` բոլոր նկարները, պատկերները, տեքստային նյութերը, կարող են օգտագործվել անձնական, կրթական, ինչպես նաև տեղեկատվական նպատակներով, ArmenianArt.org կայքի անվան պարտադիր հղումով։